Բացառություն չեմ անի. Սասուն Միքայելյանը հրաժարվեց իր մանդատը վայր դնելու լուրերը մեկնաբանելուց (տեսանյութ)
ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում չպարզաբանեց՝ ճի՞շտ են իր մանդատը վայր դնելու մասին խոսակցությունները:
Միքայելյանը նշեց, որ այսօր նման թեմաների չի անդրադառնալու: Լրագրողի խնդրանքին, թե բացառություն արեք, Միքայելյանն արձագանքեց. «Բացառություն չեմ անի, ամբողջը կասեմ, կտենաս»:
Հարցին՝ արդյո՞ք երկրապահում անհետ կորածների ցուցակ կազմելու գործընթաց սկսվել է, Սասուն Միքայելյանը դրական պատասխան տվեց:
«Մենք ցուցակագրում ենք Արցախյան պատերազմի անհետ կորածներին, զոհվածներին, կենդանի մնացածներին, հետո այստեղ մահացածներին, նաև քառօրյա պատերազմի մասնակիցներին, որ բացես, պարզ լինի՝ ով որտեղից է»,- ասաց նա:
Սասուն Միքայելյանը նշեց, որ չի կարծում, թե Արցախյան ազատամարտի ժամանակ անհետ կորածներից ոմանք այսօր էլ ադրբեջանական բանտերում լինեն ու մինչ այսօր նրանց մասին տեղեկություն չունենայինք:
Նշենք, որ այսօր՝ հուլիսի 29-ին արդեն 19-րդ անգամ հարգանքի տուրք է մատուցվում Արցախյան ազատամարտում անհետ կորած զինվորների հիշատակին:










