Երևանի Օրբելի փողոցի ծառերը ոչ թե հատվել են, այլ հեռացվել են բնակիչների ահազանգից հետո, քանի որ բները սնամեջ են եղել և վտանգ են ներկայացրել. Հ. Կարապետյան (լուսանկարներ)
Երևանի Օրբելի փողոցի նշված հատվածում ծառերը ոչ թե հատվել են, այլ հեռացվել են Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից. Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա տեղեկացրեց, որ ահազանգ է եղել հարակից տարածքի բնակիչներից, որ անառողջ ծառեր կան: «Տեղում մասնագետները պարզել են, որ ծառերն այո, անառողջ են այն աստիճանի, որ կարող են վտանգ ներկայացնել: Հեռացման ընթացքում արձանագրվել է, որ նաև նկարահանող խումբ կա, և երևում է, որ բները սնամեջ են, փայտանյութը փտած է, այսինքն՝ սա միանգամայն արդարացված գործողություններ են»,-ասաց նա:
Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նկարներ էր հրապարկել՝ նշելով, որ Օրբելի փողոցում ծառեր են հատվում:
Հակոբ Կարապետյանը նկատեց, որ երբ խոսում ենք Երևանում ծառահատումների նպատակահարմար և ոչ նպատակահարմար լինելու մասին, միանշանակ պետք է ֆիքսել, որ քաղաքապետարանը՝ այդ թվում վարչական շրջանների աշխատակազմը, նմանատիպ աշխատանքներն ամենայն խնամքով են անում՝ մանրամասն ուսումնասիրությունից հետո: «Հավատացնում եմ, որ որևէ ծառ անտեղի տեղը չի հատվում: Այլ բան՝ մենք շնորհակալ կլինենք մեր քաղաքացիներից, եթե ապօրինի, ինքնակամ հատումների դեպքեր հայտնաբերեն: Այդպիսի դեպքերն անմիջապես կկասեցվեն և խստիվ պատասխանատվության կենթարկեն օրինախախտներին»,-ասաց նա:










