Դուբայի շեյխի կինը փախել է ամուսնուց՝ իր հետը վերցնելով 2 երեխաներին և ավելի քան 60 մլն դոլար. The Sun

16:57 • 29.06.19

Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, լքել է ամուսնուն և իր հետ ավելի քան 60 մլն դոլար վերցրել նոր կյանք սկսելու համար, գրում է բրիտանական The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արքայադուստրը, որին չեն տեսել փետրվարից ի վեր, երկու երեխաների հետ Գերմանիա է փախել:

Նշվում է, որ շեյխ ալ Մաքթումը նամակ է գրել՝ դրանում կնոջը մեղադրելով դավաճանության և դավադրություն կազմակերպելու համար: Հավանաբար, արքայադուստր Հայան, փորձելով խուսափել ամուսնու պատժից, անմիջապես ապաստան է խնդրել Գերմանիայում, ինչպես նաև ամուսնալուծության հայց ներկայացրել:

Դա իր հերթին դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել Արաբական Միացյալ Էմիրությունների և Գերմանիայի հարաբերություններում. հայտնի է, որ Դուբայի շեյխը զբաղեցնում է նաև ԱՄԷ-ի վարչապետի և փոխնախագահի պաշտոնները:

Պարբերականի տվյալներով՝ շեյխը գերմանական իշխանություններին խնդրել է հետ վերադարձնել 45-ամյա կնոջը, իրենց 7-ամյա որդուն և 11-ամյա դստերը, սակայն մերժում է ստացել:

Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ արքայադուստրը Գերմանիա է փախել, քանի որ մտածել է, որ Մեծ Բրիտանիա փախչելու դեպքում իշխանություններն իրեն հետ կվերադարձնեն: