Թբիլիսիում ցուցարարները «Ազատության երթով» նշել են զանգվածային ցույցերի 10-րդ օրը (տեսանյութ)
Թբիլիսիի կենտրոնում հազարավոր մարդիկ են մասնակցել «Ազատության երթին»՝ պահանջելով երկրի ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը:
Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, զանգվածային երթով ցուցարարները որոշել են նշել իրենց բողոքի և ցույցերի 10-րդ օրը: Քաղաքացիական ակտիվիստներին այսօր միացել են «Եվրոպական Վրաստան» կուսակցության, ինչպես նաև «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր քաղաքական միավորման ներկայացուցիչները: Վերջինիս կազմում ընդգրկվում են Միխեիլ Սաակաշվիլիի ստեղծած «Միասնական ազգային շարժումը» և ևս 10 կուսակցություն:
«Միասնական ազգային շարժման» առաջնորդներն ու կողմնակիցները սկսել են հավաքվել Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի մոտ, իսկ «Եվրոպական Վրաստանը» հավաք է նշանակել «Ռուսթավելի» մետրոյի մոտ: Խորհրդարանի շենքի մոտ ամեն օր ցույց իրականացնող ուսանողներն ու ակտիվիստները հավաքվել են Առաջին Հանրապետության հրապարակում:
Երեք կազմակերպչական խմբերը երթով շարժվելով հանդիպել են Շոթա Ռուսթավելիի պողատայում 19:00-ին և միասին ուղևորվել են դեպի Ազատության հրապարակ:
Ցուցարարներն իրենց հետ տարել են Վրաստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Եվրամիության և ԱՄՆ-ի դրոշները և տարբեր պաստառներ՝ պահանջելով Գախարիայի հրաժարականը: Այսօրվա ցույցին մասնակցելու համար վրացիները ժամանել են նաև այլ քաղաքներից:
Հիշեցնենք, որ վրացիների զանգվածային բողոքի ցույցերը մեկնարկել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ընդդիմադիր գործիչները չեն հանդուրժել ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթը վրաց խորհրդարանի խոսնակի աթոռից:
Հունիսի 20-ի գիշերը ցուցարարները փորձել են գրոհել խորհրդարանի շենքը, որից հետո նրանց դեմ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառվել, ինչի հետևանքով 240 մարդ տուժել էր: Բախումներից հետո 305 մարդ բերման էր ենթարկվել:










