Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն 5 ռազմավարություն ունի Վենեսուելայի համար

22:29 • 29.06.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G20-ի գագաթնաժողովի ավարտին կայացած ասուլիսում հայտարարել է, որ Վաշինգտոնը 5 ռազմավարական մոտեցում ունի Վենեսուելայի նկատմամբ:

«Մենք ունենք 5 տարբեր ռազմավարություն Վենեսուելայի համար: Մենք կտեսնենք, թե ինչ տեղի կունենա հետագայում», - РБК-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն չի ցանկանում միջամտել երկրի իրավիճակին:

Ամերիկացի առաջնորդը պարզաբանել է, որ Վենեսուելայում աղետ է տեղի ունենում, մարդիկ մահանում են սովից, «նրանք ունեն նավթ, բայց ոչ ջուր»: «Մենք նրանց հումանիտար օգնություն ենք հատկացնում ինչպես միայն կարող ենք», - շեշտել է Թրամփը:

Վերջինս հավելել է, որ լատինամերիկյան երկրում տիրող իրվիճակի հարցը քննարկել է գրեթե յուրաքանչյուր առաջնորդի հետ, որի հետ հանդիպում է ունեցել այս շաբաթ:

Իրավիճակը Վենեսուելայում սրվել է, երբ ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն հունվարի 23-ին իրեն երկրի նախագահ է հռչակել: Դրանից հետո նրան աջակցություն են հայտնել ԱՄՆ-ն, մի շարք եվրոպական և լատինամերիկյան երկրներ: Գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ թողնել իր պաշտոնը և ցանկանում է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել: