Պեկինում ավարտվել է աշխարհի ամենամեծ օդանավակայանի կառուցումը

11:36 • 30.06.19

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ավարտվել է աշխարհի ամենամեծ՝ «Դասին» օդանավակայանի շինարարությունը, գրում է РИА Новости-ն՝ քաղաքի իշխանություններին հղումով:

«Դասին»-ը ոչ միայն աշխարհի ամենամեծ օդանավակայանն է, այլև Չինաստանի խոշորագույն տրանսպորտային հանգույցը, որի շինարարության մեջ շուրջ 70 մլրդ դոլար է ներդրվել:

Ոսկե փյունիկի տեսք ունեցող օդանավակայանի շահագործումը կսկսվի սեպտեմբերի 30-ին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարվան ընդառաջ: Նշվում է, որ ծրագիրը երկրի նախագահ Սի Ցզինպինի անձնական հսկողության տակ է:

Օդանավակայանը տեղակայված է Պեկինի հարավում՝ կենտրոնից 46 կմ հեռավորության վրա: Դրա կառուցման հիմնական պատճառը «Շոուգու» միջազգային օդանավակայանը գերբեռնումից ազատելու անհրաժեշտությունն է եղել: 

Օդանավակայանի շինարարության համար առաջին քարը դրվել է 2014թ.-ի դեկտեմբերի 26-ին, իսկ բուն շինարարությունը սկսվել է 2016թ.-ի մարտին:

Նոր օդանավակայանը 4 թռիչքուղի կունենա և տարեկան մինչև 620 000 թռիչք կընդունի: Ծրագրով նախատեսվում է, որ օդանավակայանի ուղևորաշրջանառությունը մինչև 2025թ.-ը 72 մլն կկազմի: