Մադրիդում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ բողոքելու քաղաքի կենտրոնում օդի աղտոտվածության մասին օրենքի ժամանակավոր չեղարկման դեմ (տեսանյութ)
Հունիսի 29-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել: Ինչպես հաղորդում է BBC-ն, նրանք բողոքել են նորընտիր քաղաքապետի՝ օդն աղտոտող մեքենաների նկատմամբ սահմանված օրենքների կիրառումը ժամանակավորապես կասեցնելու որոշման դեմ:
Քաղաքապետարանը ժամանակավորապես չեղարկել է քաղաքի կենտրոնում բենզինով և դիզելային վառելիքով աշխատող մեքենաների նկատմամբ անցած տարվա նոյեմբերին սահմանված սահմանափակումները՝ օրենքները խախտած վարորդների տուգանքները ներելով, ինչը բազմաթիվ հակասություններ է առաջացրել բնակիչների շրջանում:
Հունիսի 15-ին լիազորությունները ստանձնած քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես Ալմեիդան հայտարարել է, որ սահմանափակումները կդադարեն գործել հուլիսի 1-ից, իսկ ծրագիրը կվերանայվի՝ այն քաղաքացիների շարժունակության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
Ցույցի մասնակիցները կողմ են արտահայտվել քաղաքի կենտրոնում օդն աղտոտվածությունից պաշտպանող օրենքին՝ նշելով, որ օդի աղտոտումը ներկայումս մարդկանց առողջությանը սպառնացող ամենամեծ խնդիրներից է:
Նշենք, որ համանման սահմանափակող օրենքներ են գործում նաև Լոնդոնում, Ստոկհոլմում և Միլանում: Մադրիդում ընդունված օրենքով բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող մեքենաներին արգելվում է մուտք գործել քաղաքի կենտրոնի՝ 5 կմ քառակուսի տարածքով հատված, իսկ օրենքը խախտած վարորդներին 90 եվրոյի չափով տուգանք է սպառնում:










