Սուդանը ընդդիմությունը իշխանությունը քաղաքացիական ուժերին փոխանցելու պահանջով բողոքի «միլիոնանոց երթ» կիրականացնի

12:52 • 30.06.19

Սուդանի ընդդիմությունը մտադիր է այսօր՝ հունիսի 30-ին, երկրում «միլիոնանոց երթ» անցկացնել՝ իշխող Ռազմական խորհրդին իշխանությունն անհապաղ քաղաքացիական ուժերին փոխանցելու հերթական պահանջով, ընդ որում՝ թե՛ բանակը, թե՛ ընդդիմությունը հայտարարել են, որ պատասխանատվություն չեն կրի հավանական զոհերի համար, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:

Մայրաքաղաք Խարթումում բողոքի երթի նախօրեին Ռազմական խորհուրդը և «Հանուն ազատության և փոփոխության» խոշորագույն ընդդիմադիր դաշինքը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել: Ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ իրենց երթը բացառապես խաղաղ բնույթ կկրի, և կոչ են արել ուժային կառույցներին ապահովել ցուցարարների անվտանգությունը, իսկ հնարավոր զոհերի համար պատասխանատվություն է կրում բանակը, մինչդեռ Ռազմական խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթթահ ալ Բուհանը հայտարարել է, որ բանակը ժողովրդի կողմից է և պատրաստ է իշխանությունն անհապաղ փոխանցել երկրում ընտրված ներկայացուցիչներին:

Լրատվամիջոցների տվյալներով՝ անվտանգության ուժերը մայրաքաղաքում առևտրականներին իրենց խանութները փակելու և այդ օրն աշխատանքի չգնալու հրաման են տվել:

Հիշեցնենք, որ 2011թ.-ին Հարավային Սուդանից անջատվելուց և ամերիկյան պատժամիջոցներից հետո տնտեսական ճգնաժամ էր սկսվել: 2018թ.-ի դեկտեմբերից երկրում բողոքի ցույցեր էին ընթանում նախ հացի գնի իջեցման պահանջով, սակայն շուտով քաղաքացիների բողոքն ուղղվել էր 30 տարուց ի վեր երկիրը կառավարող Օմար ալ Բաշիրի քաղաքական վարչակարգի դեմ:

Ապրիլի 11-ին երկրում զինվորոկանների կողմից պետական հեղաշրջում էր տեղի ունեցել: Ալ Բաշիրը հեռացվել էր պաշտոնից և բանտարկվել: Նոր կառավարությունը ղեկավարել էր անցումային Ռազմական խորհուրդը, որն առաջիկա 2 տարիների ընթացքում ընտրություններ անցկացնելու խոստում էր տվել, սակայն քաղաքացիները հիմա էլ նրանց դեմ են բողոքում՝ պահանջելով անմիջապես քաղաքացիական կառավարություն ձևավորել: