Իրկուտսկում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, հոսպիտալացվել է 191 մարդ (լուսանկարներ)

11:13 • 02.07.19

Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, մինչդեռ անհայտ կորածները 13-ն են. նրանց թվում կա մեկ երեխա, հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով մարզի արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցչին:

Ավելի վաղ հաղորդվել էր 12 զոհի և ինն անհայտ կորածի մասին:

Արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցչի փոխանցմամբ՝  հոսպիտալացվել է 191 մարդ, այդ թվում՝ 38 երեխա: Մեծ մասի մոտ ախտորոշվել է գերսառեցում: Բուժօգնություն ստանալու համար դիմել է մոտ 1300 տուժած:

Հայտնի է, որ բնակչության համար վտանգ ներկայացնող գոտիներից տարհանվել է 2600 մարդ, այդ թվում՝ 600 երեխա:

 

 

Արտակարգ իրավիճակների նախարարության թարմ տվյալների համաձայն՝ մարզի վեց շրջաններում հեղեղվել է 96 բնակավայր, վնասվել է ավելի քան 10 000 տուն:

 

 

Տեղատարափ անձրևներն Իրկուտսկի մարզում հանգեցրել են գետերի ջրերի մակարդակի բարձրացմանը, ինչի հետևանքով վեց շրջանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել:

 

 

Անցած շաբաթ աղետի գոտի է այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեղի իշխանություններին կարգադրելով հնարավորինս սեղմ ժամկետներում կարգավորել իրավիճակը:

 

 

Ներկայում ջրի մակարդակն աստիճանաբար նվազում է, իրավիճակը կայունանում է, վերականգնվում է էներգամատակարարումը:

 

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը,  ջրհեղեղի հետևանքով վնասվել է մեքենաների երթևեկության համար նախատեսված 13 կամուրջ, ջրի տակ է անցել ավտոճանապարհների յոթ հատված, չորս բնակավայր շարունակում է աշխարհից կտրված մնալ: