Դուբայի շեյխը Լոնդոնի բարձր դատարանում հայց է ներկայացրել իրենից փախած կնոջ դեմ

12:50 • 02.07.19

Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ թագավորական տներից մեկի ներկայացուցիչը՝ Դուբայի շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը, Լոնդոնի բարձր դատարանում հայց է ներկայացրել կնոջ՝ Հորդանանի հանգուցյալ միապետ Հուսեյնի դստեր՝ արքայադուստր Հայայի դեմ, հայտնում է The Guardian-ը՝ նշելով, որ զույգը, ըստ ամենայնի, այլևս միասին չէ:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ 45-ամյա արքայադուստրը, վերցնելով մանկահասակ երկու երեխաներին, ինչպես նաև 60 մլն դոլար, ամուսնուց Գերմանիա է փախել և այնտեղ ապաստան խնդրել:

Բրիտանական պարբերականի տվյալներով՝ Հայան, որը շատ մտերիմ է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հետ և ավելի քան 120 մլն դոլար արժողությամբ առանձնատուն ունի Քենսինգթոնյան պալատի հարևանությամբ, ներկայում գտնվում է Լոնդոնում: Որոշ քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Հայան լուրջ մտավախություններ ունի առ այն, որ բրիտանական իշխանությունները չեն կարողանա ապահովել իր անվտանգությունը:

Դուբայի միլիարդատեր կառավարիչն ու Հորդանանի արքայադուստրն ամուսնացել են 2004թ.: Նա շեյխի վեցերորդ կինն է:

Լոնդոնում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը՝ նկատելով, որ դա անձնական գործ է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, շեյխը գերմանական իշխանություններին խնդրել էր հետ վերադարձնել կնոջը, իրենց 7-ամյա որդուն և 11-ամյա դստերը, սակայն մերժում էր ստացել:

 

Image result for Dubai's ruler battles wife