Վրաստանի Բաթումի և Զուգդիդ քաղաքներում բողոքի երթեր են անցկացվել, ցուցարարները շարունակում են պահանջել ՆԳ նախարարի հրաժարականը

18:48 • 03.07.19

Վրաստանի Զուգդիդ և Բաթում քաղաքներում բողոքի երթեր են տեղի ունեցել, որոնց մասնակցել են Միասնական ազգային շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներն ու աջակիցները, հաղորդում է apsny.ge-ն:

Ցուցարարների հիմնական պահանջը երկրի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականն է: Երթի մասնակիցները «վարչակարգը պետք է ոչնչացվի», «Գախարիա, հեռացի՛ր» և այլ կարգախոսներ են վանկարկել:

«Սա խաղաղ ակցիա է: Պահանջում ենք Գախարիայի և ամբողջ կառավարության հրաժարականը: Այդ պահանջը մնում է, և բողոքի ցույցերը կշարունակվեն մինչև վերջ»,- հայտարարել են ցուցարարները:

Ժամեր առաջ ցուցարաները երթ են կազմակերպել նաև մայրաքաղաք Թբիլիսիի Հանրապետության հրապարակից դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի տուն և ճանապարհին կանգ են առել ներքին գործերի նախարարի տան առաջ:

Կազմակերպիչների խոսքով՝ այսօր երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի առաջ կրկին բողոքի ակցիա կիրականացվի:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիաներն սկսվել են հունիսի 20-ին`ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել: