Սերբիայում զինված անձը պատրիարքության շենք է ներխուժել և 200 000 եվրո պահանջել
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ատրճանակով զինված անձը ներխուժել է պատրիարքության շենք, աշխատակիցներից 2-ին գերի վերցրել և 200 000 եվրո գումար պահանջել, հաղորդում է РИА Новости-ն:
Դեպքը տեղի է ունեցել այսօր ցերեկը: Պարզվել է՝ 42-ամյա զինված անձը եկեղեցու նախկին, ոչ հոգևոր ծառայող է: «Նա չգիտեր, որ այնտեղ գումար չկա, որ ինքը հաշվապահների սենյակ է մտել»,- ասել է պատրիարքության անդամներից մեկը:
Նշվում է, որ սենյակը, որտեղ ներխուժել է տղամարդը, պատրիարքարանի ընդունարանի կողքին է եղել: Ոստիկանության հատուկ ուժերը շրջափակել են պատրիարքության շենքը և բանակցությունների մեջ մտել տղամարդու հետ: Մեկ ժամ տևած բանակցություններից հետո տղամարդը ձերբակալվել է, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Հայտնի չէ՝ արդյոք հարձակման պահին տղամարդու միտքը սթափ է եղել: Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել:










