Եթե ՍԴ-ն կասեցներ 300.1 հոդվածը, սահմանադրական կարգի տապալումը այլևս չէր դիտարկվի որպես հանցագործություն. Հրայր Թովմասյան
Սահմանադրական դատարանի մասին օրենքը նախատեսում է, որ վիճարկվող ակտի գործողությունը ՍԴ որոշմամբ չկասեցումը կարող է հանգեցնել «անդառնալի» հետևանքների: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե ինչու ՍԴ-ն որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից մեկի հայցը 300.1 հոդվածի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ:
«Չեմ փորձի նեղ մասնագիտական վերլուծություններ բերել, բայց բերեմ մի պրակտիկ օրինակ՝ ՍԴ-ն մի դեպքում է դա կիրառել, և դա վերաբերվել է կուտակային կենսաթոշակի հետ կապված վեճին: Եվ պատկերացրեք մենք քրեական օրենսգրքում ունենք հոդված, որով նախատեսվում է մահապատիժ, և ՍԴ-ում վիճարկվում է այդ հոդվածը: Այս դեպքում ակնհայտ է, որ անդառնալի հետևանքներ է առաջացնելու և ՍԴ-ն մինչև գործով որոշում կայացնելը, ընդհանուր իրավասության դատարանում դա հայցի ապահովման միջոց է, կկասեցնի այդ ակտի գործողությունը»,- ասաց նա և հավելեց.
«Հիմա այս դեպքում, եթե ՍԴ-ն գնար այդ ճանապարհով և կասեցներ 300.1 հոդվածը դա կնշանակեր, որ ՀՀ-ում այս ժամանակահատվածում Սահմանադրական կարգի տապալումը այլևս չէր դիտարկվի որպես հանցագործություն: Մոտեցումը, որ այդ հոդվածով քիչ են եղել հարուցված քրեական գործեր, դա դեռ չի խոսում, որ այդ հոդվածի բացակայության պարագայում դրանք շատ չեն լինի: Քրեական օրենսգրքի հոդվածները նաև կանխարգելիչ ֆունկցիա ունեն, ինչից մարդը սկսում է գիտակցել, որ եթե գնա այդ քայլին, նման պատիժ է իրեն սպասվում, ինքը իր վարքագիծը համապատասխանեցնում է քրեական օրենսգրքի հետ: Դա պայմանավորված է եղել բացառապես դրանով»,- ասաց նա:
Նա նշեց, որ դատավորի դիմումի վարույթ ընդունելու հարցին չեն անդրադարձել և մինչև ամսի ինն ունեն ժամանակ:










