ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ. անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքներին
Հուլիսի 4-ին Նիկոսիայում տեղի է ունեցել պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հանդիպումը: Այս մասին հայտնում են ԱԺ աշխատակազմից:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով պաշտոնական այցի հրավերի համար, ընդգծել է հայ և կիպրացի ժողովուրդների միջև հաստատված փոխըմբռնման ու վստահության մթնոլորտի, դարավոր եղբայրական կապերի, պատմական, մշակութային ընդհանրությունների և հոգևոր արժեքների կարևորությունը:
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը դեռևս 1975 թ. Եվրոպայում առաջինը, իսկ աշխարհում երկրորդն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ավելին, 2015 թ. միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձև, իսկ ապրիլի 24-ը պետականորեն սահմանել հիշատակի օր: Նույն համոզմունքով է, որ 2015 թվականի մարտի 24-ին ՀՀ Ագգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն:
Առանձնահատուկ կարևորվել է երկու խորհրդարաններում գործող համագործակցության հանձնաժողովների ձևաչափը, ինչպես նաև փոխգործակցությունը տարբեր խորհրդարանական վեհաժողովներում՝ միմյանց համար զգայուն հարցերի բարենպաստ լուծմանը հասնելու նպատակով: Երկկողմ պատրաստակամություն է հայտնվել Կիպրոս-Հայաստան-Հունաստան փոխգործակցության ձևաչափի շրջանակներում ստեղծել եռակողմ համագործակցության խորհրդարանական հարթակ:
Արարատ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովի անունից շնորհակալություն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամներին այս տարվա հունիսի 28-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար:
Անդրադառնալով երկու երկրների համար կենսական նշանակություն ունեցող հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է եղբայրական Կիպրոսի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող բոլոր նշանակալի հարցերում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի համար գլխավոր առաջնահերթություններ են, և հիմնախնդիրը չի կարող լուծվել առանց հակամարտության հիմնական կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի որոշիչ խոսքի: Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը՝ միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո, եղել է ու կմնա միակ ձևաչափը:
Ինչ վերաբերում է Կիպրոսի հիմնախնդրին, ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի աջակցությունը Կիպրոսին: Կողմերը դատապարտել են Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի ոտնձգությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովումը:
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, կարևորել է հայ-կիպրական պատմական և մշակութային դարավոր կապերը, որոնք ներկա բարձր մակարդակի համագործակցությունն էլ ավելի խորացնելու և գործնական մակարդակի հասցնելու հիմք են:
Կարևորելով Կիպրոսի հայ համայնքի դերակատարությունը երկրի տնտեսական և հասարակական կյանքում՝ անդրադարձ է կատարվել, մասնավորապես, Մելքոնյան կրթական հաստատության ճակատագրին:
Դիմիտրիս Սիլուրիսը նշել է, որ ակտիվորեն կանդրադառնա եռակողմ ձևաչափի միջխորհրդարանական հարթակի ձևավորմանը:
Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև կրթության ոլորտում համալսարանների միջև համագործակցությանը:
Ներկայացուցիչների պալատի նախագահը վերահաստատել է Կիպրոսի աջակցությունը հայկական կողմին բոլոր սկզբունքային հարցերում:
Երկու խորհրդարանների ղեկավարները մամուլի համար հանդես են եկել հայտարարություններով:










