Թաիլանդում տղամարդը գարեջուր խմելու մրցույթի ժամանակ մրցակիցների աչքի առաջ մահացել է
Թաիլանդում գարջուր խմելու մրցույթի ժամանակ մասնակիցներից մեկը մահացել է ընկերների աչքի առաջ, հաղորդում է Daily Star-ը:
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել կուրորտային Չա-Ամ քաղաքի բարերից մեկում, որտեղ գարեջրի մրցություն է կազմակերպվել: Հաղթելու պայմանը եղել է կես րոպեում մեկ լիտր գարեջուր խմելը:
Մրցույթի մասնակիցներն արագ խմել են գարեջրի բաժակի ամբողջ պարունակությունը, այնուհետև շուռ տվել այն՝ ցույց տալու համար, որ առաջադրանքը հաջողությամբ կատարված է: Մասնակիցներից մեկը առաջադրանքն ավարտելուց անմիջապես հետո վատ է զգացել, գետնին ընկել ու մահացել:
Հաղորդվում է, որ նրա մահվան պատճառը դեռևս հայտնի չէ, ինչպես նաև հայտնի չէ՝ արդյոք տղամարդու մոտ ալերգիա կամ որևէ այլ հիվանդություն է եղել, որին կարող էր նպաստել ակլոհոլի օգտագործումը:
«Խմելու մրցությունը երբեք լավ գաղափար չէ: Այդ խաղը ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում բարերում և խնջույքների ժամանակ, և ես հուսով եմ, որ այլևս երբեք նման ողբերգական դեպքը չի պատահի»,- ասել է հանգուցյալի գործընկերներից մեկը, որն այդ պահին դեպքի վայրում է գտնվել:










