ԱՄՆ Հարավային Կալիֆոռնիա նահանգում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. ուժեղ հետցնցումներ են սպասվում
ԱՄՆ Հարավային Կալիֆոռնիա նահանգում վերջին 20 տարիների ընթացքում ամենահզոր երկրաշարժն է գրանցվել, որի ուժգնությունը, ըստ նախնական տվյալների, 6.4 մագնիտուդ է, հաղորդում է ABC News-ը:
Իշխանությունները զգուշացրել են ակնկալվող ուժեղ հետցնցումների մասին: Սեյսմոլոգ Լյուսի Ջոնսի խոսքով՝ այսօրվա երկրաշարժը 1999թ.-ից ի վեր գրանցվածներից ամենահզորն է եղել, որից հետո մոտ 5 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումների մեծ հավանականություն կա:
Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը Լոս Անջելեսից 250 կմ դեպի հուսիս-արևելք գտնվող Մոխավե անապատի Սիրլս հովիտի շրջակայքում է:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, երկրաշարժի հետևանքով միայն մի քանի շենք և փողոց է տուժել: Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանը տեղեկացրել է, որ թռիչքուղիներում ամեն ինչ կարգին է, և որ օդանավակայանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով:
Ցունամիների նախազգուշացման ամերիկյան ազգային կենտրոնի տվյալներով՝ ցունամի չի սպասվում:










