Վրաստանի գլխավոր դատախազությունը երկրում ընթացող բողոքի ցույցերն իշխանությունը զավթելու նպատակով ծրագրված խռովություն է որակել

19:43 • 04.07.19

Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ցույցերը տեղի բնակիչների շրջանում ծագած պատահական վրդովմունք չեն եղել, այլ ծրագրված ապստամբություն, որը նպատակ է ունեցել իշխանությունը զավթելու: Այս մասին ասված է գերատեսչության պաշտոնական կայքում:

«Այս փուլում հավելյալ գործողությունների, ստացված հանցանշանների և տասնյակ վկայությունների հիման վրա քննչական մարմինը եկել է այն եզրակացությանը, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերն առանձին անձինք ծրագրել են խռովության ճանապարհով բռնի կերպով տապալել պետական իշխանությունը և զավթել այն»,- ասված է գլխավոր դատախազության հայտարարության մեջ:

Նշվում է, որ խորհրդարանի շենք ներխուժելու փորձը խռովարարների ծրագրի միայն մի մասն է եղել, իսկ հաջորդ փուլը պետք է շրջաններում իրադրության ապակայունացումը լիներ:

Նշենք, որ երկրի դատախազությունը բողոքի ցույցերի փաստի առթիվ հետաքննություն էր սկսել դրանց մեկնարկից գրեթե անմիջապես հետո: Ներկա պահին մեղադրանք է ներկայացվել միայն «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի նախագահ, պատգամավոր Նիկանոր (Նիկա) Մելիային, սակայն գերատեսչությունից հստակեցրել են, որ շուտով մեղադրյալների թիվը կավելանա:

Հիշեցնենք, որ  վրացիների զանգվածային բողոքի ցույցերը մեկնարկել էին հունիսի 20-ին՝ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:

Հունիսի 20-ի գիշերը ցուցարարները փորձել էին գրոհել խորհրդարանի շենքը, որից հետո նրանց դեմ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ էր կիրառվել, ինչի հետևանքով 240 մարդ տուժել էր: Բախումներից հետո 305 մարդ բերման էր ենթարկվել: