Մեքսիկայի մայրաքաղաքում ոստիկաններն անժամկետ գործադուլ են սկսել (լուսանկարներ)
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում մեկնարկել է ոստիկանների անժամկետ գործադուլը, որի պատճառը ոստիկանության աշխատակիցների՝ իրենց Ազգային գվարդիայի կազմում ներառելու որոշման հետ անհամաձայնություն է, հաղորդում է Excelsior հարթակը:
Բողոքի ցույցերի պատժառով մասնավորապես կաթվածահար է եղել ամենակարևոր ավտոմայրուղիներից մեկը, ինչպես նաև մայրաքաղաքի առնվազն երկու պողոտա: Բողոքի ցույցեր են ընթանում նաև մի քանի այլ քաղաքներում, որտեղ ցույցերի մասնակիցների թիվը մի քանի հարյուրի է հասնում:
Ոստիկանները դեմ են Ազգային գվարդիայի կազմում ներառվելու իշխանությունների որոշմանը, քանի որ դրա հետևանքով նրանք կզրկվեն աշխատավարձի մի մասից ու պարգևավճարներից, իսկ աշխատանքային պայմանները կվատթարանան:
Երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ոստիկանների հայտարարություններն անհիմն է համարել: «Այս ակցիայի համար որևէ հիմք չկա, քանի որ ոչ ոք չի պատրաստվում ազատել նրանց կամ կրճատել աշխատավարձերը»,- ասել է նա:
Նախագահի խոսքով՝ բողոքի ցույցերի կազմակերպման ետևում «դաշնային ոստիկանության հետ կապ չունեցող ուժեր» են: Նա հայտնել է, որ մի քանի ժամից հանրային անվտանգության նախարար Ալֆոնսի Սուրասո Մոնտանյոն կհայտարարի գործողություններին մասնակցություն ունեցած անձանց անունները:

















