Թունիսի ափերի մոտ ապօրինի ներգաղթյալներով լի նավի նավաբեկության հետևանքով 80 մարդ է անհետ կորել
Թունիսի ափերից ոչ հեռու ապօրինի ներգաղթյալներով լի նավ է խորտակվել: Այս մասին հայտնել է ծովում դժբախտության մեջ հայտնված մարդկանց աջակցություն ցուցաբերող Alarm Phone կազմակերպությունը:
Կազմակերպությանը դիմել է Թունիսի Կարմիր մահիկի հանձնաժողովի անդամ Շամսեդին Մարզուգը, որը հաղորդել է, որ Թունիսի Զարզիս քաղաքի մոտակայքում նավաբեկության ենթարկված նավի տախտակամածին ավելի քան 80 մարդ է գտնվել:
Հաղորդման համաձայն՝ նավի ուղևորներից միայն 5-ն են ողջ մնացել, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Ավելի քան 80 մարդ համարվում է անհետ կորած:
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ անհետ կորածները 82-ն են, ողջ մնացածները՝ 3-ը, ընդ որում՝ վերջիններս Մալիի քաղաքացիներ են, մինչդեռ փրկվելուց հետո հիվանդանոցում մահացածը Կոտ դ'Իվուարի քաղաքացի է եղել:










