«Ազատություն Անդրանիկին». կալանավորված ոստիկանի աջակիցները բողոքի ակցիա իրականացրին նախագահականի դիմաց (տեսանյութ)

20:12 • 05.07.19

Վերաքննիչ դատարանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ աշխատում է հին ոճով ու արդար որոշումներ չի կարող կայացնել: Այս մասին այսօր նախագահական նստավայրի դիմաց Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատություն Անդրանիկին» ակցիայի մասնակիցներից մեկը:

Ըստ մասնակիցների՝ ոստիկան Անդրանիկ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման համար դեռ երեկ են ակցիա արել, հանդիպել են ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ, ով խոստացել է, որ այս հարցով կզբաղվի:

Նշենք, որ Երևանի «Լույս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը մոտ մեկ ամիս առաջ դիմել էր ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և հայտնել, որ ոստիկանության ծառայողները ծեծի են ենթարկել իր մերձավորին: Այնուհետև Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ խոշտանգման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու: Երկու ոստիկանի մեղադրանք էր առաջադրվել և դատարան միջնորդություն ներկայացվել նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ: Դատարանը Անդրանիկ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել:

Ավելի վաղ մի խումբ քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացրել Ազգային ժողովի դիմաց: Նրանք «Ազատություն Անդրանիկին», «Անդրանիկը ես եմ» վանկարկումներով պահանջել են ազատ արձակել օրերս կալանավորված ոստիկան Անդրանիկ Խաչատրյանին։