Քրեական աշխարհը վերահսկելի է ոստիկանության կողմից. ոստիկանապետը՝ «օրենքով գող» Անդիկի սպանությանը հաջորդած իրարանցման մասին

12:40 • 05.07.19

«Հայաստանն այսօր ամենաանվտանգ երկրներից մեկն է մոլորակի վրա»,-այս մասին այսօր ՀՀ նախագահի նստավայրում գեներալ-մայորի կոչում ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

«Եթե համեմատենք այս տարվա առաջին կիսամյակը 2018-ի հետ, ունենք մինուս մեկ, իսկ եթե հանենք նաև 2018-ից 2019-ին փոխանցված սպանությունները, ապա անգամ կարող ենք ունենալ մինուս -2-3 սպանություն, իսկ սա լուրջ ձեռքբերում է»,-ասաց նա:

Անդրադառնալով օրեր առաջ Նոր Նորքում «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկ) սպանությանը, ոստիկանապետը նշեց, որ այդ գործի հետ կապված իրականացվում են բոլոր օպերատիվ համալիր միջոցառումները՝ համագործակցելով այլ ստորաբաժանումների հետ:

«Ավելին չեմ կարող ասել՝ ելնելով գործի շահերից: Ես այս պահին ոչինչ չեմ ասի, քանի որ կխանգարեմ գործի քննությանը»,-ասաց Վալերի Օսիպյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ այդ սպանությունից հետո քրեական աշխարհում իրարանցում է, ոստիկանապետն ասաց. «Վստահեցնում եմ, որ քրեական աշխարհը, հանցավոր աշխարհը, վերահսկելի է ոստիկանության կողմից: Որևէ խնդիր չեմ տեսնում»։