ԵԽԽՎ-ն կոչ է արել Հայաստանի կառավարությանը պաշտպանել ԼԳԲՏ համայնքի իրավունքները

02:38 • 05.07.19

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է արել Հայաստանի կառավարությանը միջոցներ ձեռնարկել ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության համար, հաղորդում է Rusarminfo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտարարության հեղինակ, բելգիացի պատվիրակ Պետրա դը Սութերը, հղում անելով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցին, նշել է, որ Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների վիճակը ամենավատն է Եվրոպայում:

«Նման լուրջ իրավիճակի ցուցիչը 2018 թ. նոյեմբերին Երևանում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քրիստոնյա ԼԳԲՏ-ների XI ֆորումի չեղյալ հայտարարումն էր, որի պատճառը մասնակիցների նկատմամբ ֆիզիկական բռնության սպառնալիքն ու ատելությունն էին, այդ թվում՝ հասարակական գործիչների կողմից», - ասված է ԵԽԽՎ կայքում տեղադրված փաստաթղթում:

ԵԽԽՎ 29 պատգամավորները, որոնք միացել են հայտարարությանը, Հայաստանի կառավարությանը կոչ են արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ատելության և բռնության դատապարտման համար, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատակիցների և դատավորների համար կազմակերպել դասընթացներ՝ ապահովելու ԼԳԲՏ անձանց անվտանգությունն ու ազատությունը: