Վենեսուելայում անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով մոտ 7000 մարդ է սպանվել. ՄԱԿ

10:45 • 05.07.19

ՄԱԿ-ում հուլիսի 4-ին հայտարարել են, որ Վենեսուելայում անվտանգության ուժերի գործողությունների ժամանակ մոտ յոթ հազար մարդ է սպանվել, հաղորդում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ մահացածների մեծ մասը «մահապատժի» զոհ են դարձել, իսկ ձերբակալված և սպանված քաղաքացիների հետ կապված իրողությունն իշխանություններին ներկայացվել է այնպես, որ վերջիններս են դիմադրություն ցույց տվել ոստիկանությանը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ անվտանգության ուժերի կողմից սպանությունների թիվը չափազանց բարձր է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելայում պատրաստվում են երկրի կառավարության և ընդդիմության միջև բանակցություններին՝ երկրում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 23-ից բողոքի զանգվածային ցույցեր են ընթացել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Ցուցարարները պահանջել են վերջինիս հրաժարականը և երկրում սահմանադրական կարգերի վերահաստատում: Քաղաքական լարված իրավիճակի ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել: ԱՄՆ-ն և մի շարք երկրներ ճանաչել են վերջինիս իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը և այլ պետություններ աջակցում են Մադուրոյին: Այս իրավիճակից հետո երկրում չեն դադարում բողոքի ցույցերը, որոնք հաճախ ուղեկցվում են բռնի գործողություններով: