Սուլթանիզմի տարրեր ունեցող ժամանակահատվածը չպետք է վերադառնա. Սահմանադրության շուրջ քննարկմանը Լևոն Զուրաբյանը և ՀՅԴ-ականները վիճեցին

16:03 • 05.07.19

1995թ-ի Սահմանադրությանը վերադառնալը մեծ հաշվով ներկայիս իշխանության ծրագիրն է, ինչը նշանակում է, որ մենք հետ ենք գնում: Այս մասին «Սահմանադրություն՝ հանուն արարող Հայաստանի» խորագրով խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ելույթի ժամանակ հնչեցրած տեսակետին, թե պետք է վերադառնալ 1995 թ-ի Սահմանադրության մեջ ամրագրված կառավարական մոդելին:

«Մենք պետք է գիտակցենք, որ ամեն հաջորդ սերնդին պետք է թողնենք ավելի զարգացած Հայաստան, քան մենք ստացել ենք: Սա է զարգացման բանաձևը, այլ տարբերակ չկա: Խոսվեց այն մասին, որ կարող ենք վերադառնալ 95 թվական: Բանախոսներից մեկը, որ խոսեց 95-ի Սահմանադրության վերադարձի մասին... սա, մեծ հաշվով, ներկայիս իշխանության ապագա ծրագիրն է, ինչը նշանակում է, որ մենք հետ ենք գնում: Մենք չպետք է թողնենք, որ մեզ նորից վերադարձնեն այն ժամանակները, երբ սուլթանիզմի տարրեր կային»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա ցավով նկատեց, որ քաղաքական համակարգն օգտագործվում է տարբեր խմբերի կողմից սեփական ներխմբային քաղաքական կամ մանկության երազանքն իրականացնելու ձգտումով՝ առանց պատասխանատվություն զգալու ապագայի նկատմամբ: 

Լևոն Զուրաբյանն էլ իր հերթին արձագանքեց. «Զավեշտալի է, երբ ահաբեկչությունը իր ներքին քաղաքական հարցերում մեթոդոլոգիա որդեգրած կուսակցությունը խոսում է ժողովրդավարությունից և սահմանադրականությունից»:

Տեղից արձագանքեց ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը. «Դուք ահաբեկչություն եք արել նախարարների մակարդակով. ներքին գործերի նախարարությունը ահաբեկչական կառույց էիք դարձրել: Հիշե՛ք՝ ում եք գնդակահարել դուք և ասեք, թե ում ենք գնդակահարել մենք: Դուք ուժի մեջ մտած դատավճիռներ ունեք: Մեր հանցագործությունները եղել են թուրքի դեմ, իսկ ձերը հայերի դեմ»: 

Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ երբ քաղաքական աղբանոց նետված ուժը նորից սկսում է իրեն արժևորել, բնականաբար, պետք է թիրախ գտնի:

Լևոն Զուրաբյանն էլ հարցրեց՝ իր ասածի մեջ ՀՅԴ-ականներն իրե՞նց տեսան. «Ձե՞զ էի ասում»