Մեր հաղորդումները մնացին «ձայն բարբառո հանապատի»՝ «Օրենքով գող» Մերաբ Քալաշովին արտահանձնել են Ֆրանսիա. պաշտպան

15:19 • 05.07.19

«Օրենքով գող» Մերաբ Քալաշովին ի վերջո արտահանձնել են Ֆրանսիային. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը:

«Առավոտյան 9:10 նա ապօրինի արտահանձնվեց Ֆրանսիայի իրավապահ մարմիններին: Այդպես էլ մեր հաղորդումները մնացին «ձայն բարբառո հանապատի»: 12 ժամ մարդու ոտքի մատը կոտրված, վրան բազմաթիվ վնասվածքներ, մենք շտապօգնություն կանչեցինք, բոլորը հատուկ հանձնարարություն ստացած եկան և միայն «Անալգին» էին առաջարկում սրսկել ու դիմանալ ցավին: Նա էլ ալերգիկ հիվանդ է, «Անալգին» չէր կարող սրսկվել և այդպես խոշտանգումներով իմ պաշտպանյալն արտահանձնվեց Ֆրանսիա: Ես չգիտեմ՝ սա ինչ է: Սահմանադրության օրը մարդու սահմանադրական իրավունքներն այսպես կոպիտ խախտելով, առանց վերջնական որոշման՝ մարդուն հանձնեցին, մինչդեռ քրեական դատավարության օրենսգրքի 495 հոդվածն ասում է, որ արտահանձման համար պետք է լինի վերջնական որոշում, նոր դրանից հետո հանձնեն»,- ասաց նա և հավելեց.

«Չգիտեմ՝ այս ամենն ինչով է պայմանավորված, բայց սա պատիվ չի բերում մեր երկրին: Ֆրանսիական կողմն իմ պահանջով ֆիքսեց նրա բոլոր վնասվածքները: Ես նաև հարցում եմ անելու Ֆրանսիա. խոստացել են, որ Ֆրանսիա իջնելուց անմիջապես հետո, նրան կտեղափոխեն հիվանդանոց: Ես կարծում եմ, որ ֆրանսիացիք շատ ավելի օրինապաշտ կլինեն և ես պաշտոնապես կստանամ հարցման պատասխանը»:

Նա ասաց, որ հաղորդում է տվել ոստիկանություն, ասել է՝ պաշտպանյալն ինչ վիճակում է. «Մի հետաքննիչ գոնե չգա՞ էդ մարդուց բացատրություն վերցնի, նայի վնասվածքները, դատաբժիշկ հրավիրի: Ո՞ւմ խղճին մնաց սա: Սա օրինակա՞ն էր: Այս երկի՞րն ենք մենք ուզում կառուցել»,- նշեց Արմեն Մելքոնյանը:

Իսկ թե որոնք են լինելու հետագա քայլերն, ասաց. «Ես բողոքելու եմ մինչև վերջ, սրա համար պատասխանատու անձիք, ովքեր մեղավոր են, պիտի ենթարկվեն պատասխանատվության»:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ոստիկանները «Զվարթնոցում» են պահում «օրենքով գող» Մերաբ Քալաշովին, նրան ցանկանում են արտահանձնել Ֆրանսիային. ըստ պաշտպանի՝ դա անձի առևանգում է։