Հուսիտներն անօդաչու սարքերով հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի երկու օդանավակայանների վրա
Եմենի «Անսար Ալլահ» ապստամբության շարժման կողմնակիցները (հուսիտներ) անօդաչու թռչող սարքերով հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի Ջիզան և Աբհա քաղաքների օդանավակայանների վրա: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է «Ալ-Մասիրա» հեռուստաալիքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հուսիտները նշել են, որ Ջիզանի օդանավակայանի հետ օդային հաղորդակցությունը դադարեցվել է: Բացի այդ, գործողության հետևանքով վնաս է հասցվել Աբհա քաղաքի օդանավակայանի մի շարք կարևոր ռազմական օբյեկտներին:
Reuters-ի հաղորդմամբ՝ Սաուդյան արաբիայի իշխանությունները հարձակման մասին տեղեկությունը դեռևս չեն հաստատել:
Նշենք, որ հունիսի 12-ին հուսիտները հրթիռային հարձակման էին ենթարկել Աբհայի օդանավակայանը: Հրթիռն ընկել էր ժամանման սրահ, ինչի հետեւանքով 26 մարդ վիրավորվել էր:










