Պակիստանում ավելի քան 700 երեխա վարակվել է ՄԻԱՎ-ով
Պակիստանի հարավում ավելի քան 700 երեխա վարակվել է ՄԻԱՎ-ով՝ երկրում բռնկված համաճարակի հետևանքով: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրը նշել է, որ համաճարակը սկսվել է դեռևս ապրիլին՝ Սինդ նահանգի Լարկանա քաղաքում: Բժիշկներից մեկը նշել է, որ մի քանի երեխա բարձր ջերմություն են ունեցել, իսկ նշանակված բուժումն արդյունք չի տվել: Ավելի ուշ, բոլորի մոտ ՄԻԱՎ վարակ է հայտնաբերվել:
Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սկսել է հետազոտել տեղի բնակչությանը: 30 հազար հետազոտվողներից 876-ի մոտ ՄԻԱՎ վարակ է հայտնաբերվել: Նրանց 82 տոկոսը 15 տարեկանից ցածր տարիքի երեխաներ են:
Տեղի իշխանությունները նախազգուշացրել են հիվանդության հետագա տարածման վտանգի մասին:










