Լոնդոնում աղբարկղի մեջ Փորթոն Դաունի ռազմատեխնիկական լաբորատորիայի՝ հազարավոր էջերից բաղկացած գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել. Daily Star

22:12 • 05.07.19

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում՝ թղթի տեսակավորման աղբարկղերից մեկում, բրիտանական Փորթոն Դաուն ռազմատեխնիկական գաղտնի լաբորատորիայի փաստաթղթեր են հայտնաբերվել, գրում է Daily Star պարբերականը:

Հազարավոր էջերից բաղկացած խիստ գաղտնի փաստաթղթերի հայտնաբերման մասին պարբերականը տեղեկացել է դեռևս անցած շաբաթ: Ներկա պահին երկրի Պաշտպանության նախարարությունն արդեն դեպքի առթիվ հետաքննություն է սկսել:

Նշվում է, որ փաստաթղթերը վերաբերում են 1980-2017 թվականներին: Դրանցում տվյալներ են պարունակվում լաբորատորիայի հսկիչների հանդերձանքի, ոստիկանների պարտականությունների և այլնի մասին, ընդ որում՝ հնարավոր է եղել բացահայտել հաստատության հսկիչներից մեկի տան հասցեն, ինչպես նաև համակարգչային համակարգի գաղտնաբառը:

Հետախուզության գծով մասնագետներից մեկը փաստաթղթերը «ահաբեկչի երազանք» է անվանել, իսկ Փորթոն Դաունի համար աշխատած նախկին ոստիկանը հայտնել է, որ դեպքը կարող էր ողբերգական ավարտ ունենալ՝ նշելով, որ որևէ մեկն ինչ-որ տեղ թերացել է իր գործում:

Պարբերականը նշում է, որ Փորթոն Դաունն աշխարհի ամենագաղտնի լաբորատորիաներից է: Նախկինում այն զբաղվում էր քիմիական զենքի ուսումնասիրությամբ, իսկ ավելի ուշ սկսել է զբաղվել բրիտանական թիրախների նկատմամբ օտարերկրյա հարձակումների համար «արդյունավետ հակամիջոցների» մշակմամբ: