Փաշինյանն իր ոտքերը սրբում է Արմեն Սարգսյանի երեսին՝ կոպիտ է հնչում, բայց փաստ է. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)
11:59
Ակցիայի մասնակիցները նախագահականի դիմաց պայթեցրեցին մի քանի փուչիկներ, որոնց վրա պատկերված էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ այս պաշտոնյանները մշտապես սահմանադրությունը խախտողներն են:
Բողոքի ակցիայի մասնակիցները փուչիկները պայթեցնելուց հետո քաղաքացիներին նվիրեցին ՀՀ Սահմանադրության օրինակներ:
11:40
«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արմեն Սարգսյանը չի արձագանքում Սահմանադրության նկատմամբ ոտնձգություններին, չի կատարում իր պարտականությունները, չունի քաղաքական ինքնասիրություն, քաղաքական դիակ է: Նարեկ Սամսոնյանը նշեց, որ ժամանակին Արմեն Սարգսյանին վիրավորած Վահե Գրիգորյանը, ում թեկնածությունը ՍԴ անդամի պաշտոնում Արմեն Սարգսյանը երկու անգամ է առաջադրել, այժմ մանր վնասարարություն է իրականացնում ՍԴ-ում, ինչին ևս արձագանք չի տրվում:
«Մենք չէինք կարող էս օրով նորից չհիշեցնեիք Արմեն Սարգսյանին, որ ինքը Հայաստանում չի եկել գործուղման, կամ չի եկել հարկադիր հանգստի, ունի կոնկրետ գործառույթներ, որոնք պետք է իրականացնի՝ ուզի, թե չուզի, և պարտականությունների չիրականացնելը մտնում է Սահմանադրական կարգի տապլման հոդվածի մեջ: Արմեն Սարգսյանի երեսին իր ոտքերը սրբում է Փաշինյանը. շատ կոպիտ է հնչում է, բայց դա փաստ է»,-մանրամասնեց Նարեկ Սամսոնյանը:
Նարեկ Սամսոնյանն ասաց, որ Արմեն Սարգսյանը փորձում է ոչ ֆորմալ տարբեր հանդիպումների ընթացքում թողնել տպավորություն, թե ինքը միակ մարդն է, որը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հետո կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ Արմեն Սարգսյանի միակ նպատակը ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելն է:
«Որքան էլ, որ նա պատկերացնի, որ էտ բրիտանական խորմանկությունը կարող է աշխատել հայկական քաղաքական միջավայրում, դա իրեն միայն խիստ թվում է»,-նշեց նա:
10:49
ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ այսօր AntiFake.am-ը և «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն ՀՀ նախագահական նստավայրի դիմաց իրականացնում են խորհրդանշական ակցիա՝ «Պահպանեք Սահմանադրությունը» (#Save_Constitution) խորագրով։
Ակցիայի ընթացքում կիրականացվեն խորհրդանշական գործողություններ, որոնցից հետո մասնակիցները ՀՀ Սահմանադրություններ կնվիրեն քաղաքացիներին։
«Խորհրդանշական ակցիայի նպատակն է ՀՀ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որի հիմնական գործառույթը ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելն է, ոչ միայն աչք է փակում տարբեր պաշտոնյաների կողմից Սահմանադրության խախտման դեպքերի վրա, այլ նաև անձամբ խախտում է Սահմանադրությունը։ Ուստի՝ Սահմանադրությունն ունի ՀՀ քաղաքացիների պաշտպանության կարիքը»,– ասվում է երկու կազմակերպությունների տարածած հաղորդագրությունում։










