Հյուսիսային Կորեայում «կորած» համարվող ավստրալացի ուսանողը հրաժարվում է խոսել իր ձերբակալման պատճառների մասին (տեսանյութ)

10:41 • 06.07.19

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում (ԿԺԴՀ) ձերբակալված ավստրալացի ուսանողը ազատ արձակվելուց հետո հրաժարվում է խոսել իր ձերբակալման պատճառների մասին, գրում է Associated Press-ը:

Ավստրալացի ուսանողը շնորհակալություն է հայտնել շվեդ, ինչպես նաև իր երկրի դիվանագետներին՝ Հյուսիսային Կորեայում նրա ազատ արձակումն ապահովելու համար, սակայն հրաժարվում է մանրամասնել, թե որն է եղել նրա մեկշաբաթյա կալանքի պատճառը:

«Հիմա ես մտադիր եմ վերադառնալ իմ բնականոն կյանքին, բայց նախ ուզում եմ հրապարակայնորեն շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայել իմ անվտանգությունը ապահովելու համար»,-հայտնել է երիտասարդը:

Նա նաև լրատվամիջոցներին խնդրում է հարգել իր անձնական կյանքի իրավունքը և իրեն դեպքի առնչությամբ որևէ հարց չտալ:

Նշենք, որ 29-ամյա Ալեք Սիգլին, որը սովորում էր Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում, հունիսի 25-ից անհայտ կորած էր համարվում: Խուճապը սկսվել էր այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում սովորաբար ակտիվ երիտասարդը դադարել էր շփվել և ակտիվություն դրսևորել:

Հինգշաբթի ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն ընդհատել էր խորհրդարանական նիստը և հայտարարել, որ Սիգլին ազատ է արձակվել: Ավելի ուշ նա հայտնել էր, որ Շվեդիայի իշխանություններն են օգնել երիտասարդի ազատ արձակման գործում:

«Այս արդյունքը ցույց է տալիս պաշտոնատար անձանց զուսպ, անդրկուլիսյան աշխատանքի արժեքը բարդ և զգայուն հյուպատոսական գործերի լուծման հարցում՝ այլ կառավարությունների հետ սերտ համագործակցության միջոցով»,- ասված էր վարչապետի հայտարարության մեջ:

Ավստրալիան Հյուսիսային Կորեայում դիվանագիտական ներկայացուցչություն չունի և ապավինում է այլ երկրների, ինչպիսին է, օրինակ, Շվեդիան, օգնությանը: