Տեղի ունեցավ «Համալսարանական» պուրակի բացման արարողությունը (տեսանյութ)
Երևանի Ավան վարչական շրջանի երիտասարդական թաղամասի պուրակն այսուհետ կկոչվի «Համալսարանական»: ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից կառուցված պուրակի բացման արարողությունը նշվեց մեծ շուքով և նվիրվեց մայր բուհի՝ ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակին:
Պուրակի ընդհանուր մակերեսը 6000 քմ է, որտեղ տնկվել են մշտադալար և սաղարթախիտ շուրջ 300 ծառեր և թփեր: Պուրակը ցանկապատվել է, կառուցվել են ճեմուղիներ, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, կահավորվել են մանկական խաղահրապարակներ, անցկացվել է ոռոգման համակարգ և ժամանակակից արտաքին լուսավորություն: Պուրակի տեսքն ամբողջացնում է գունավոր, լուսային շատրվանը:
«Համալսարանական» պուրակի կառուցմամբ ազդարարվեց նախադեպը չունեցող քաղաքաշինական ծրագրի ավարտը, որը մեկնարկել էր 2008թ.-ին:
Թաղամասի ավելի քան 1500 բնակարանների բնակիչները, որոնց մեծ մասը մայր բուհի շրջանավարտներ են, ուրախությամբ մասնակցում էին պուրակի բացմանը ու պատմում, որ այսուհետ իրենց ու իրենց երեխաների ժամանցը կկարողանան կազմակերպել հենց շենքի բակում:
Պուրակում գործելու է սրճարան, որի տանիքում տեղադրված է արևային ֆոտովոլտային կայան այգու արտաքին լուսավորության կարիքները մասնակի հոգալու համար: Պուրակի կառուցապատման արժեքն է շուրջ 200 մլն. ՀՀ դրամ:










