Էներգետիկայի նախարարության ճարտարագետը մեղադրվում է տնակներ գողանալու համար

11:26 • 06.07.19

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ «Հյուսիսային» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Արմեն Նալբանդյանին: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրանքի՝ վերջինս «Հյուսիսային» մասնաճյուղի տրանսպորտի և մատակարարման ծառայության հիմնական միջոց հանդիսացող տնակի ընդհանուր 850.000 ՀՀ դրամ արժողության երկու բլոկները գաղտնի հափշտակելու դիտավորությամբ 2018 թվականի օգոստոսի 14-ին նույն մասնաճյուղի աշխատակիցներին խաբել ու հայտնել է, թե ընկերության ղեկավարության կողմից թույլտվություն է ստացել տնակները դստեր ամուսնուն՝ Աշոտ Բաղդասարյանին հատկացնելու համար: Այնուհետև իր կողմից վարձակալած բեռնատարով տնակները տեղափոխել է Աշոտ Բաղդասարյանի բնակության վայր ու գողացել է դրանք:

Իր կատարած հանցագործությունը թաքցնելու համար Արմեն Նալբանդյանը կազմել է պաշտոնական փաստաթուղթ, որում կեղծ տեղեկություններ է ներառել տնակի երեք բլոկներից երկուսը «Վանաձոր-2» ենթակայան տեղափոխելու, իսկ երրորդ բլոկը ապամոնտաժելու և դրա հետևանքով առաջացած ապրանքները պահեստավորելու վերաբերյալ, ապա ակտը ստորագրման համար ներկայացրել է մասնաճյուղի տնօրեն էդգար Բոջուկյանին, աշխատակիցներ Վալերի Հարությունյանին, Արամ Բաղդասարյանին, Արմեն Ազարյանին, Ռաշիդ Վարդումյանին և Տարոն Նալբանդյանին:

Արմեն Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Գործն ուղարկվել է Լոռու մարզի դատարան, մակագրվել է դատավոր Սուսաննա Գզոգյանին: