Երևանում տեղի կունենա Հասմիկ Գրիգորյանի համերգը՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի հիշատակին

14:17 • 06.07.19

Հուլիսի 10-ին՝ ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո, «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թ. «Լավագույն օպերային երգչուհի» անվանակարգում հաղթած Հասմիկ Գրիգորյանի մենահամերգը, որը նվիրված է երգչուհու հոր՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանին:

Հասմիկ Գրիգորյանի խոսքով՝ հոր մահից ի վեր՝ իր ստեղծագործական բոլոր հաջողությունները նվիրել է հորը, և այս համերգն առանձնահատուկ է իր համար.

«Ինձ համար շատ մեծ ուրախություն է, երբ ամեն տեղ հանդիպում եմ մարդկանց, որոնց հետ աշխատել է իմ հայրիկը: Ես նրան միշտ հիշում եմ, նա ապրում է իմ մեջ: Ես հիշում եմ՝ երբ փոքր էի, հայրս ինձ ասաց մի հանճարեղ, բայց շատ պարզ բան՝ կյանքը պետք է ապրել այնպես, որ քեզ հիշելիս մարդիկ ժպտան: Երբ ես փոքրիկ էի, չէի հասկանում այս բառերի նշանակությունը, բայց այսօր այս արտահայտությունն իմ կյանքի փիլիսոփայությունն է դարձել: Յուրաքանչյուր արարքից առաջ ես մտածում եմ՝ ուզում եմ, որ այս մարդն ինձ ժպիտով հիշի: Հայրիկիս այս խոսքն ինձ օր-օրի դարձնում է ավելի բարի»:

Հասմիկ Գրիգորյանը նաև անդրադարձավ համերգի ծրագրին՝ նշելով, որ ծրագրում ընդգրկված են Շտրաուսի, Չայկովսկու, Դվորժակի, Պուչչինիի և Տիգրանյանի ստեղծագործությունները: Համերգին կմասնակցեն թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը: Դիրիժորը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանն է: