Թուրքիայի օդանավակայանում ծաղրել ու նվաստացրել են անվասայլակով բրիտանուհուն
Հաշմանդամություն ունեցող 23-ամյա Ջոլին Դագլբին հայտարարել է, որ Թուրքիայի Դալամանա օդանավակայանում իրեն ծաղրել ու նվաստացրել են: Պատկերը չի փոխվել նաև Նյուքասլ վայրէջք կատարելիս: Այս մասին հայտնում է Independent-ը` ներկայացնելով մանրամասները:
Նշվում է, որ Ջոլինն իր 29-ամյա ամուսնու` Ջեյմս Լայոնսի հետ ճանապարհորդելու ուղեգիր է գնել բրիտանական Thomas Cook ընկերությունից: Թուրքիայում հանգիստն անցկացնելուց հետո նրանք վերադառնում էին Անգլիա, սակայն Դալամանա օդանավակայանում դարձել են ավիաընկերության աշխատակիցների կոպիտ և ոչ պրոֆեսիոնալ վարքագծի զոհը:
«Մյուս ուղևորները հանգիստ բարձրանում էին ինքնաթիռ, երբ աշխատակիցներից մեկը սայլակի փոխարեն բռնեց ոտքերս և ցավեցրեց: Հետո մոտեցավ մենեջերը և հարցրեց, թե ինչից եմ դժգոհ: Դա ավելի բարկացրեց ինձ ու ես հայտարարեցի, որ բողոք կներկայացնեմ»,- պատմել է Ջոլինը:
Նյուսքասլի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո աղջիկը խնդրել է, որ իր անվասայլակը մոտեցնեն ինքնաթիռին, սակայն պարզվել է, որ այն հանձնել են ուղեփոխադրումների բաժին: Ջոլինն ստիպված է եղել սողալով դուրս գալ ինքնաթիռից, իսկ բորտուղեկցորդուհին, օգնելու փոխարեն, սկսել է բղավել նրա վրա:
Այլ անվասայլակով դուրս գալուց և ուղեբեռն ստանալուց հետո Ջոլինը տեսել է, որ իր անվասայլակը երեք տեղից կոտրված է: Նա նշել է, որ օդանավակայանը լքել է բարկացած, հիասթափված և վնասվածքներով: Ավիաընկերության ներկայացուցիչներն ավելի ուշ ներողություն են խնդրել Ջոլինից:










