Այսօր Համբույրի համաշխարհային օրն է

15:58 • 06.07.19

Հուլիսի 6-ը Համբույրի համաշխարհային օրն է (World Kiss Day կամ World/International Kissing Day):

Ինչպես նշում է calend.ru-ն, համբույրի օրն առաջինը սկսել են նշել բրիտանացիները, իսկ 2 տասնամյակ առաջ այն հաստատվել է ՄԱԿ-ի կողմից: Տոնի կապակցությամբ տարբեր քաղաքներում անցկացվում են համբուրվելու թեմայով բազում մրցույթներ, որոնց մասնակիցները հետաքրքիր մրցանակներ ու նվերներ շահելու շանսեր ունեն:

Երևի թե շատերին կհետաքրքրի, թե ինչպես է առաջացել համբույրը, սակայն այս հարցին միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ: Թեև վարկածները բազմաթիվ են, այնուհանդերձ` գիտնականները, մարդաբանները, փիլիսոփաներն ու պատմաբանները դեռևս ընդհանուր հայտարարի չեն եկել:

Ներկայացնենք մի քանի ուշագրավ փաստ համբույրի մասին.

1990թ. սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ի բնակիչ Ա. Ե. Վոլֆրամը Մինեսոտա նահանգում ընթացող փառատոնի ժամանակ հաջողացրել է 8 ժամում 8001 մարդու համբուրել: Ըստ այդմ` տղամարդը կարողացել է ամեն 3,6 վայրկյանը մեկ նոր մարդու համբուրել:

Էկրանին ամենաառաջին համբույրը ցուցադրվել է 1896թ.` Թոմաս Էդիսոնի 30 վայրկյան տևողությամբ «Համբույր» տեսանյութում:

Իսկ կինոյի պատմության մեջ «ամենահամբույրնառատ» ֆիլմը 1926թ. նկարահանված «Դոն Ժուանն» է, որում հերոսները համբուրվում են 191 անգամ:

Ինչ վերաբերում է կինոյի պատմության մեջ ամենաերկարատև համբույրին, ապա այն գրանցվել է 1940թ. նկարահանված «Դու հիմա բանակում ես» ֆիլմում, որտեղ Ռեջիս Թումին ու Ջեյն Վայմենը համբուրվում են 185 վայրկյան, ինչը կազմում է կինոնկարի ամբողջ տևողության 4 տոկոսը: