Թուրքիայում մեքենայի զննության ժամանակ միջուկային զենքի մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութ է հայտնաբերվել

17:51 • 06.07.19

Թուրքիայի Բոլուի նահանգի ոստիկանության աշխատակիցները մեքենայի զննման ժամանակ 18 գրամ ռադիոակտիվ նյութ են հայտնաբերել, որն օգտագործվում է միջուկային զենքի մարտագլխիկների արտադրության ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Բոլուի իշխանություններին հղումով:

Ոստիկանության մաքսանենգության ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեքենան կանգնեցրել են Աթաթուրքի անվան զբոսայգու մոտ: Մեքենայի զննության ժամանակ առգրավվել է 18,01 գրամ ռադիոակտիվ նյութ:

Այս նյութի արժեքը 72 մլն դոլար է, դրա ներկրումը, տեղափոխումն ու պահելը հատուկ թույլտվություն է  պահանջում: Այժմ այն ուղարկվել է Թուրքիայի միջուկային էներգիայի հարցերով խորհուրդ՝ ուսումնասիրման:

Այս գործով ձերբակալվել է 5 մարդ, տարվում է հետաքննություն: