Իտալիայում վագրերը հոշոտել են հայտնի վարժեցնողին

05:34 • 06.07.19

Իտալական Բարի ավանում 4 վագր հարձակվել է վարժեցնողի վրա և հոշոտել նրան: Վարժեցնողը` 61-ամյա Էտորե Վեբերը, նրանց պատրաստում էր կրկեսային ներկայացմանը, որը պետք է մեկնարկեր դեպքից մեկ ժամ հետո: Այս մասին տեղեկացնում է The Local Italy-ն:

Վագրերը տղամարդուն գցել են գետնին և հոշոտել նրան: Վերջինս տեղում մահացել է: Վեբերի գործընկերներն ու շտապօգնության աշխատակիցները 30 րոպե չեն կարողացել վանդակից դուրս բերել նրա մարմինը:

Բժիշկները նշել են, որ վարժեցնողը բազմաթիվ վնասվածքներ և ողնաշարի կոտրվածք է ստացել, ինչն էլ հանգեցրել է մահվան: Ոստիկանությունը փորձում է պարզել ողբերգական միջադեպի մանրամասները:

Հավելենք, որ Circo Orfei կրկեսն Իտալիա է եկել հունիսի 15-ին` մեկ ամսով: Հայտնի չէ, թե ագրեսիվ վագրերի նկատմամբ անվտանգության ինչ միջոցներ կկիրառվեն: