Դատավորներն այսօր վեթինգի չէին ենթարկելու, ընտրվել են այն անձինք, ում դատավորների համայնքը վստահում է. Ե. Խունդկարյանը՝ ԲԴԽ նորընտիր անդամների մասին (լրացված, տեսանյութ)
21:03
Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստին չի քննարկվել ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի դիմումը, որն ուղարկվել է բոլոր դատավորներին: Քննարկման համար ժամկետներ նա չնշեց:
«Դատավորներն ընդհանուր ժողովին պատրաստվելու զատ, այլ աշխատանքներ են իրականացնում, չի կարելի դատավորներին ասել, որ սեղմ ժամկետներում ծանոթանան»,-նշեց նա:
Հարցին, թե արդյոք դատավորներն այսօր վեթինգի են ենթարկել ընտրված անդամներին, նա պատասխանեց. «Դատավորներն այսօր ոչ թե վեթինգի էին ենթարկելու, այլ կատարելու էին իրենց ընտրությունը, ընտրվել են այն անձինք, ում դատավորների համայնքը վստահում էր»:
Նորընտիր անդամներն էլ հավելեցին, որ օրակարգում վեթինգի հարց չի քննարկվել:
20:47
Քիչ առաջ ԲԴԽ անդամի թեկնածու, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ԲԴԽ անդամ ինքը չի ընտրվել. «ԲԴԽ անդամ են ընտրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանն ու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը»։
20:43
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հունիսի 21-ի որոշմամբ՝ այսօր հրավիրվել էր Դատավորների ընդհանուր ժողով, որի ընթացքում ընտրվել են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ:
Առաջադրման ցանկում առկա էր 11 դատավորի անուն: Նշենք, որ 66 դատավոր ավելի վաղ դիմել էր, որպեսզի իրենց անունները չներառվեն այդ ցանկում:
Առաջադրման ցանկում առկա էին՝ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանը, Դավիթ Բալայանը, Սիմիզար Հովսեփյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը, Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը, Արագածոտնի մարզի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը, Շիրակի մարզի դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանը և Սյունիքի մարզի դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը։










