Աթամբաևին սպանության և այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար մեղադրանք է առաջադրվել

10:53 • 13.08.19

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրանք է առաջադրվել սպանության և այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է երկրի գլխավոր դատախազության օպերատիվ-հետախուզական գործունեության ու քննության վերահսկման վարչության պետ Զամիր Բեյշեկեևը:

«Աթամբաևին են փոխանցվել մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ ծանուցագրեր՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում, սպանություն, սպանության փորձ, պատանդառություն և բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի հանդեպ»,- հայտարարել է նա:

Ղրղզստանի օրենքների համաձայն՝ տվյալ հոդվածներով Աթամբաևին կարող է ցմահ ազատազրկում սպառնալ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մինչև օգոստոսի 26-ը տեղափոխել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարան: Պետության նախկին ղեկավարին նախնական մեղադրանքներ էին առաջադրվել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատ արձակման գործով: 

Օրերս հատուկ ծառայությունները գործողություն էին սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել էր Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում: Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա: Ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև օրեր տևած բախումների հետևանքով Աթամբաևն ինքնակամ հանձնվել էր իշխանություններին: 

Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին: