Աթամբաևը քննչական մեկուսարան է տեղափոխվել. նա կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 26-ը

09:48 • 09.08.19

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մինչև օգոստոսի 26-ը տեղափոխել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարան: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարևը:

Նրա խոսքով՝ պետության նախկին ղեկավարին նախնական մեղադրանքներ են առաջադրվել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատ արձակման գործով: 

«Այժմ քիչ բան է հայտնի, բայց նրան մեղադրում են Բատուկաևի գործով կոռուպցիայի համար»,- հայտարարել է Սերգեյ Սլեսարևը:

Հիշեցնենք, որ Աթամբաևը նախօրեին ինքնակամ հանձնվել է իշխանություններին, այժմ նա գտնվում է քննչական մեկուսարանում:

Հինգշաբթի ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 98-ի:

Օրերս հատուկ ծառայությունները գործողություն էին սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել էր Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում: Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա:

Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում ինքնակամ իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին: