Ո՛չ Մելիք Մանուկյանն է կալանավորվածներին ճանաչում, ո՛չ էլ նրանք են պարոն Մանուկյանին ճանաչում, պարզապես պատվեր են կատարել. պաշտպան

15:33 • 14.08.19

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանը ցուցմունք է տվել իր դեմ իրականացված մահափորձի գործով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մելիք Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը։

Փաստաբանի խոսքով՝ Մելիք Մանուկյանը ցուցմունք է տվել, որ դեպքի պահին մեքենայում չի եղել, ինչպես նաև չի ճանաչում գործով կալանավորված անձանց:

«Պարոն Մանուկյանը կալանավորվածներին չի ճանաչում, ոչ էլ նրանք են պարոն Մանուկյանին ճանաչում: Պարզապես պատվեր են կատարել»,- ասաց Հրանտ Գևորգյանը։

Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի կողմից Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի եռաչափ մոդելավորմանը, պաշտպանը նշեց, որ տեսանյութում սխալ է ներկայացված պայթյունի պահը։

«Պայթյունը տեղի է ունեցել, երբ Մելիք Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի աջ անիվը հպվել է ճանապարհին, այսինքն, ուղղակիորեն ուղղված է եղել ենթադրյալ Մելիք Մանուկյանի դեմ, եթե նստած լիներ մեքենայում: Իսկ անիմացիայում ներկայացվում է, որ «Ռենջ Ռովերն» անցել է, նոր է պայթյուն եղել: Պայթյունի պահին նրան ուղեկցող  «Նիսսան Պատրուլ»  մակնիշի մեքենան ոչ թե «Ռենջ Ռովեր»-ի հետևից է ընթացել, այլ նկատելով պայթյունը՝ թեքվել է ձախ, մինչդեռ անիմացիայից տպավորություն է, թե պայթյունն ուղղված է եղել «Նիսսան Պատրուլ»-ին»,– ասաց նա:

Հրանտ Գևորգյանի տեղեկացմամբ՝ միջնորդություն է ներկայացվել պայթյունի եռաչափ մոդելավորման փոփոխության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Երևան-Սևան ավտոճանապարհին պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին`Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը և ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին կետի՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը հոդվածների հատկանիշներով: Գործի շրջանակներում կալանավորվել է երեք անձ։ Եվս երկու անձ էլ կալանավորված է պայթյունի դեպքի վայրից Մելիք Մանուկյանի մեքենան հեռացնելու համար։ Մելիք Մանուկյանն այս գործով ունի տուժողի կարգավիճակ։