Ամուլսարի հանքը կշահագործվի, թե ոչ, կորոշի իրավասու մարմինը, իսկ քրգործով պատասխանատու անձանց քրեական հետապնդման ենթարկելու հիմքեր չկան. ՔԿ պաշտոնյա (տեսանյութ)

18:34 • 14.08.19

19:06

Ամուլսարի վերաբերյալ համալիր փորձաքննության եզրակացության ստացումից հետո Քննչական կոմիտեն գտել է, ՀՀ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով քրեական հետապնդման հիմքեր չկան, քրեական գործի վարույթը շարունակվում է:: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ Կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը:

«Քրեական գործը հարուցվել էր պարզելու համար՝ տեղի ունեցել են, թե ոչ շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տվյալների դիտավորյալ թաքցնում, և ըստ դրա պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկել: Քրեական հետապնդում ենթարկելու հիմքեր ձեռք չեն բերվել, այս պահին քրեական գործի վարույթը չի կարճվել»,-ասաց Իվանյանը:

Հարցին, թե եթե քրեական հետապնդման հիմքեր չկան, ապա ինչու վարույթը չի կարճվել, Իվանյանն ասաց, որ քրեական գործի ընթացքը լուծելու համար անհրաժեշտ է ընթացակարգ: Ինչ վերաբերում է հանքի շահագործման թույլտվությանը կամ արգելքին, ապա Իվանյանը նշեց, որ դա նախատեսված է օրենսդրությամբ, և իրավասու մարմիններն են այդ հարցը լուծելու:

Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 282-րդ հոդվածը սահմանում է՝ պաշտոնատար անձի կողմից բնակչությունից մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը:

18:30

 

Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:  

ՔԿ Կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանն այդ թեմայով ասուլիս է հրավիրել:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով 396 հազար 900 ԱՄՆ դոլար գումար։