Metallica-ն 250 հազար եվրո է նվիրաբերել Ռումինիայում երեխաների ուռուցքաբանական հիվանդանոցի կառուցման համար
Metallica ամերիկյան ռոք խումբը Ռումինիա կատարած այցի ժամանակ 250 հազար եվրո է նվիրաբերել երեխաների համար երկրում առաջին ուռուցքաբանական հիվանդանոցի կառուցման համար: Այս մասին հաղորդում է ria.ru-ն`Daruieste Viata բարեգործական կազմակերպությանը հղումով:
«Օգոստոսի 14-ին All Within My Hands հիմնադրամը, որը հիմնադրվել է Metallica խմբի կողմից, հայտնել է, որ փոխանցում է 250 հազար եվրո Daruieste Viata ասոցիացիայի նախաձեռնության համար։ Հայտարարությունն արվել է Բուխարեստում Metallica-ի համերգի օրը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում երեխաների համար առաջին ուռուցքաբանական հիվանդանոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են դեռևս 2018 թվականին: Նախագծի հեղինակները հույս են հայտնել հիվանդանոցը շահագործման հանձնել հաջորդ տարի: Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ վճարվում են նվիրատվությունների հաշվին։










