Հունիսի 28-ից այս կողմ ՀՊՏՀ-ն ռեկտոր կամ ռեկտորի պաշտոնակատար չի ունեցել. բուհի դասախոսների փաստաբանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին (տեսանյութ)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը չունի ռեկտոր ու պաշտոնակատար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ խոսելով Երևանի դատախազություն դասախոսների կողմից ներկայացված հաղորդման մասին:
Նա ասաց, որ ներկայացնում է բուհի 35 դասախոսի, բայց պայքարը վերաբերում է ավելի քան 100 դասախոսի:
«Խնդիրը շուրջ 150 դասախոսի է վերաբերում: Մենք ներկայացրել ենք հանցագործության մասին հաղորդում Ռուբեն Հայրապետյանի դեմ: Երբ Արայիկ Հարությունյանի հրամանով Ռուբեն Հայրապետյանը նշանակվել է ռեկտորի պաշտոնակատար, հրամանի մեջ շեշտադրվել է, որ Հայրապետյանը պաշտոնավարում է մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով նոր ռեկտորի ընտրությունը:
Տնտեսագիտական համալսարանը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի ղեկավարի նշանակման նկատմամբ տարածվում է կառավարության 224 որոշումը: ԺՊ-ն, որոշման համաձայն, նշանակվում է մինչև 6 ամսով: Այս իմաստով Ռ. Հայրապետյանի պաշտոնավարումն ավարտվել է հունիսի 28-ին:
Եթե մրցույթի արդյունքում որևէ անձ չի ընտրվում, կարող է երկարաձգվել ԺՊ-ն 3 ամսով: Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ անցկացված չի եղել: Հունիսի 28-ից այս կողմ բուհը ռեկտոր կամ ռեկտորի պաշտոնակատար չի ունեցել»,- ասաց փաստաբանը:
Կոչուբաևը նշեց, որ ակնկալում են քրեական գործի հարուցում ինքնիրավչության հիմքով և այլ պաշտոնատար անձի իշխանության յուրացման հիմքով:
Մանրամասները՝ տեսանյութում:










