«Մենք չենք վաճառվում». Գրենլանդիայի իշխանություններն արձագանքել են Թրամփի ցանկության մասին լուրերին

22:53 • 16.08.19

Գրենլանդիան չի վաճառվում, սակայն պատրաստ է այլ երկրների հետ համագործակցության վերաբերյալ բանակցությունների, այդ թվում և ԱՄՆ-ի:

Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին ասվում է Գրենլանդիայի կառավարության մամլո հաղորդագրության մեջ, որով մեկնաբանվում էր The Wall Street Journal պարբերականի հրապարակած լուրը, որի համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել գնել կղզին Դանիայից:

Գրենլանդիայի ԱԳ նախարար Անե Լոնե Բագերը հայտարարել է, որ կղզու իշխանությունները համաձայն չեն հարցի նման ձևակերպման հետ: Գնման մասին միտքը քննադատել է նաև տեղի խորհրդարանի պատգամավոր Այյա Հեմինդ Լարսենը, որը հանդես է գալիս Դանիայից Գրենլանդիայի անկախության օգտին:

Նրա խոսքով՝ «Գրենլանդիան ապրանք չէ, և Դանիան չի կարող վաճառել այն»:

Հիշեցնենք, որ Թրամփի՝ Գրենլանդիան գնելու ցանկության մասին լուրը հրապարակվել է ԱՄՆ ղեկավարի՝ Կոպենհագեն մեկնելուց մեկ շաբաթ առաջ:

Ներկա պահին Գրենլանդիան լայն ինքնավարություն ունի, սակայն պետության ղեկավարը պաշտոնապես հանդիսանում է Դանիայի թագուհին, իսկ որպես ազգային արժույթ կիրառվում է դանիական կրոնը: Միևնույն ժամանակ Գրենլանդիան, որի բնակչությունը կազմում է 55 000 մարդ, ի տարբերություն Դանիայի, ընդգրկված չէ ԵՄ կազմում: