Ես կարծում եմ՝ վարչապետն ինչ-որ ազդեցությունների տակ է, ցանկանում է սխալ որոշում կայացնել՝ բացել Ամուլսարի հանքը. Ջերմուկի բնակիչ
Ցանկանում ենք, որ պահպանվի Ջերմուկի մաքուր օդը: Ցանկանում ենք, որ Ամուլսարի հանքը չբացվի, որովհետև Ամուլսար անունը հուշում է, որ այն վտանգավոր է և այնտեղ ինչ-որ վտանգավոր նյութեր կան: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի համար 1 հիմն. դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Գեղեցիկ Մանուկյանը:
«Ես չեմ ուզում այդ հանքի շահագործումը, քանի որ դա ոչ միայն Ջերմուկին, այլև ամբողջ Հայաստանին կվնասի: Վարչապետը խոստացել էր, որ ամեն ինչում կսատարի մեր քաղաքին, բայց տեսնում ենք, որ նա դեռ սակարկում է: Ճիշտ կլինի, որ նա ընդունի նախկինում իր ասածը, որովհետև ինքը խոստացել է ժողովրդին: Ես կարծում եմ, որ վարչապետն ինչ-որ ազդեցությունների տակ է և ցանկանում է սխալ որոշում կայացնել, այսինքն՝ բացել հանքը»,- ասաց Մանուկյանը:
Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ վարչապետ Փաշինյանը Ջերմուկի դպրոցի տնօրեններին, համայնքի ղեկավարին հրավիրել է Երևան՝ իր հետ հանդիպման, Ջերմուկի բնակիչը կարծիք հայտնեց, թե վարչապետն այդ մարդկանց հրավիրում է՝ համոզելու, որ պետք է անպայման շահագործել հանքը:
«Ինձ թվում է՝ լավ կլինի, որ վարչապետը խորը մտածի ու հասկանա, որ դա սխալ որոշում է ոչ միայն ջերմուկցիների, այլև ամբողջ Հայաստանի համար: Չէ՞ որ աղտոտված ջրերը պետք է գնան Սևան, իսկ այն Հայաստանի ամենակարևոր ռեսուրսներից մեկն է: Ջերմուկ քաղաքը՝ որպես առողջարան, կվերանա ամբողջությամբ, այն ընդամենը կդառնա պոչամբարների վայր և վարակված հողակտոր»:










