Օդեսայում Tokyo Star հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի
Ուկրաինայի Օդեսա քաղաքի Tokyo Star հյուրանոցում լույս օգոստոսի 17-ին բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Facebook-ի էջը:
«Ճշտված տեղեկատվության համաձայն՝ ժամը 14:12-ին քննչական գործողությունների ընթացքում հրդեհի վայրում հայտնաբերվել է 9-րդ զոհի դին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ընդ որում, տուժածների թիվը մնում է 10-ը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ անձամբ կհետևի Օդեսայի Tokyo Star հյուրանոցում բռնկված հրդեհի հետաքննությանը:
Զելենսկին նաև հավաստիացրել էր, որ հրդեհի համար պատասխանատվություն կկրեն ոչ միայն ողբերգության անմիջական մեղավորները, այլև հյուրանոցի սեփականատերը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ Ուկրաինայի Օդեսա քաղաքի Tokyo Star հյուրանոցում լույս օգոստոսի 17-ին անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է գիշերը ժամը 01:34-ին՝ hյուրանոցի երկրորդ հարկում: Այրվել է մոտ 1000 քմ տարածք: Հրդեհը տեղայնացվել է ժամը 3:35 -ին, ամբողջովին մարվել՝ 4:32-ին:
Հյուրանոցն ունի 273 սենյակ, սակայն չի հաղորդվում, թե հրդեհի պահին քանի հոգի է եղել հյուրանոցում:










