Կինոարտադրողները կարծում են, որ այրվող շարժիչով վթարային վայրէջք կատարած А321 օդանավի անձնակազմի սխրանքի մասին պետք է ֆիլմ նկարել
Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 ինքնաթիռի անձնակազմի սխրանքի մասին կարելի է ֆիլմ նկարել: Նման կարծիք են հայտնել մի շարք ռուս կինոարտադրողներ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Այրվող շարժիչով վթարային վայրէջք կատարած А321 օդանավը վայրէջք էր կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո: Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում:
Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել էր երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել էին, քանի որ դրանցում թռչուններ էին հայտնվել: Շարժիչներից մեկն սկսել էր այրվել: Օդանավի անձնակազմը որոշել էր վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանի թռիչքուղուց 1 կմ հեռավորության վրա:
Օդանավը վայրէջք էր կատարել հավաքված շասսիով: Ուղևորները տարհանվել էին փչովի թեքահարթակներով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օդանավի օդաչուներին ՌԴ հերոսի կոչում է շնորհել:
ՌԴ հանրային պալատի տեղեկատվական հանրության, լրատվամիջոցների և զանգվածային հաղորդակցման գծով հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Մալկևիչը տեղեկացրել է, որ Հանրային պալատն առաջարկել է այդ մասին ֆիլմ նկարել:
«Հնարավոր է` պետք է ֆիլմ նկարել: Եթե հայտեր լինեն, պատրաստ ենք դիտարկել: Սեպտեմբերի 2-ից մանկական, անիմացիոն և այլ ֆիլմերի մրցույթ է հայտարարվելու: Եթե լինեն առաջարկներ, կքննարկենք»,- ասել է ՌԴ Կինոյի ֆոնդի ղեկավար Վյաչեսլավ Տելնովը:
«Պրոֆիտ» ընկերության ղեկավար, պրոդյուսեր Իգոր Տոլստունովը, իր հերթին, ընդգծել է, որ դեռևս ոչ վաղ անցյալում նկարահանվել է Նիկոլայ Լեբեդևի «Էկիպաժ» ֆիլմը, որն աղետների շարքից է:
«Սցենարով աղետը` աղետ է: Չգիտեմ, արժե՞ արդյոք ևս մեկ նման ֆիլմ նկարահանել, բայց եթե լինեն լավ սցենարներ, ապա հնարավոր է: Ֆիլմ նկարելը երկար է տևում, այն էկրաններին կբարձրանա միայն երեք տարի անց: Կլինի՞ արդյոք այդ ժամանակ ակտուալ, չեմ կարող ասել: Ցավալի կլինի, եթե պարզապես գումարի վատնում լինի»,- ասել է նա:
«Էկիպաժ» ֆիլմի պրոդյուսեր Լեոնիդ Վերեշչագինը նշել է, որ «պատմությունն անհանգստացրել է շատերին և շատ կինոարտադրողներ կմտածեն այդ ուղղությամբ»: Բայց, ընդգծել է նա, նման ֆիլմերը պատվերով չեն նկարահանվում: «Այն, ինչ տղաներն արել են, հիասքանչ է: Դրա հետևում կանգնած է պրոֆեսիոնալիզմը, հերոսությունը: Լավ մարդկանց պետք է աջակցել, նրանք արժանի են ֆիլմին:
Տա Աստված, որ այդ ֆիլմը նկարվի»,- ասել է Վերեշչագինն ու հավելել, որ պատմությունը նախընտրելի է կառուցել այնպես, որ ավելի շատ մարդկային լինի, իսկ դրա համար ժամանակ է հարկավոր:










