«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցելու համար ՀՀ կժամանի աշխարհի առաջատար ընկերությունները ներկայացնող 59 բանախոս. Ալեքսանդր Եսայան
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը՝ WITSA-ն։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։
Կոնֆերանսին ընդառաջ կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց՝ կոնֆերանսին մասնակցելու համար Հայաստան կժամանի 59 բանախոս, որոնք ներկայացնում են աշխարհի առաջատար ընկերություններ:
«Հայաստան կգա Acer ընկերության համահիմնադիր Սթեն Շին, ով 1976-ին հիմնել է այդ ընկերությունը. նա ուներ ընդամենը 11 աշխատակից: Այսօր նրա ջանքերով ընկերությունը դարձել է համաշխարհային նշանակության: Հայաստանում Սթեն Շին կպատմի իր ընկերության զարգացման մասին: Կոնֆերանսին կմասնակցի նաև Infosys հնդկական ընկերության հիմնադիր Նարայան Մըրֆին: Ընկերությունն ունի 228 հզր աշխատակից, իսկ շրջանառությունը հասնում է տարեկան 12 մլրդ-ի: Նարայան Մըրֆին նույնպես կպատմի իր ընկերության հաջողությունների մասին»,-նշեց նա:
Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ Հայաստան կժամանի նաև Garmin` GPS նավիգացիոն համակարգերի ոլորտում հայտնի ընկերության հիմնադիր Մին Կաոն:
«Nvidia ընկերության հիմնադիր Ջենսոն Հուանգը ևս միանում է մեզ: Ընկերությունը վիդեոարտադրության ոլորտում առաջատարներից է: Ընկերության շրջանառությունը 9.7 մլրդ դոլար է:
Կոնֆերանսին կմասնակցի նաև Գերի Վայներչուկը, ով բավականին հետաքրքիր բանախոս է և հանդիսանում է Uber, Birchbox, Snapchat, Facebook, Twitter, Tumblr շատ հայտնի ընկերությունների առաջին ներդրողներից: Միացել է մեզ նաև կրիպտոակտիվների ուղղությամբ մասնագիտացած ֆինանսական ծառայությունների առաջատար մատակարար Bitcoin Suisse AG-ի գլխավոր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Արթուր Վայլոյանը:
Բոլոր 59 բանախոսներն աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարներ են: Ալեքսիս Օհանյանն է մեզ միանալու»,-տեղեկացրեց Եսայանը:
Նա նաև նշեց, որ կոնֆերանսի ընթացքում ամեն օր ներկայացվելու են սթարթափներ ինչպես ամբողջ աշխարհից, այնպես էլ Հայաստանից. «Լինելու են հաղթողներ: Մենք ունենք 100 հազար դոլար ընդհանուր բյուջե: Դա ձևավորվելու է մեր ՏՏ ընկերությունների ֆոնդից: Այսօր բանակցում ենք մեր բոլոր ընկերությունների հետ, որ այդ ֆոնդը ձևավորվի: Շահող Start up-ներին կտրամադրվի այդ մրցանակը»:
Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ կոնֆերանսը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ կոնֆերանսի բացումից մեկ օր առաջ Հանրապետության հրապարակում լինելու է մեծ համերգ:
«Մենք հրավիրել ենք երաժիշտների այն 16 երկրներից, որտեղ մինչև այժմ անցկացվել է IT կոնֆերանսը: Նրանց համախմբելով՝ կստեղծենք նվագախումբ՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Կլինի 70 երաժիշտ 16 երկրից և 30 երաժիշտ Հայաստանից: Այդ նվագախումբը կկատարի այդ 16 երկրների տարբեր երաժշտական կատարումներ, 17-րդը կլինի հայկական դասական ստեղծագործություն: Դրանից հետո առաջին անգամ կլինի արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտության կատարում, որը կատարվելու է օնլայն ռեժիմով: Այսինքն՝ արհեստական բանականությունն առաջին անգամ այդ 16 երկրների երաժշտությունների միքսով ստեղծելու է նոր երաժշտություն, և նվագախումբը դա լայվ կատարելու է: Դա աշխարհում առաջին անգամ է լինելու: Դրանից հետո մեզ է միանալու նաև Armin Van Buuren-ն, ով այսօր աշխարհի առաջատար DJ-ներից է: Նա ևս հանդես կգա նվագախմբի հետ միասին»,-եզրափակեց Եսայանը:










