Իտալիան կարող է զրկվել Տոկիո-2020-ի մասնակցությունից

01:22 • 17.08.19

Իտալիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Ջովաննի Մալագոն տեղեկացրել է, որ Իտալիան կարող է զրկվել 2020թ-ի Օլիմպիական խաղերին մասնակցությունից և 2026թ-ի Օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

«Ես անհանգստացած եմ իտալական սպորտի օլիմպիական ապագայով, դրա վրա սև ամպեր են կուտակվել: Դրա պատճառներն են քաղաքական ճգնաժամը, ապագա կառավարության կազմի անորոշությունը և ՄՕԿ-ի կողմից չընդունված սպորտի բարեփոխման օրինագիծը, որը հաստատվել էր ազգային ժողովի կողմից»,- ասել է Մալագոն:

Աղբյուրը հայտնում է, որ եթե Իտալիայի ԱՕԿ–ը հեռացվի ՄՕԿ-ից, իտալացիները չեն կարողանա մասնակցել Տոկիո-2020-ին իրենց դրոշի ներքո և կկորցնեն 2026թ-ի խաղերի անցկացման իրավունքը:

Վերջերս Իտալիայում ընդունված սպորտի բարեփոխման մասին օրինագիծը սպորտային գործունեության բոլոր լիազորությունները փոխանցել է կառավարությանը, ինչը հակասում է ազգային օլիմպիական կոմիտեի գործունեությանը չմիջամտելու ՄՕԿ-ի սկզբունքին: